Արմավիրի թեմ
![]() Թեմը Հայաստանյայց առաքելական եկեղեցու հոգևոր-վարչատարածքային միավոր է: Արմավիրի թեմը կազմավորվել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա.Սարգիսյանի` 1996թ. մայիսի 30-ի կոնդակով: Ընդգրկում է ՀՀ Արմավիրի մարզը: Երկար տարիներ առաջնորդանիստ է համարվել Բամբակաշատի Ս.Աստվածածին եկեղեցին: Իսկ այժմ` Արմավիրի քաղաքի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցին: Թեմի առաջնորդն է Սիոն եպիսկոպոս Ադամյանը (2001-ից): Պատմականորեն Արմավիրի թեմի տարածքը, որպես Արարատյան երկրամասի միջուկ, պատկանել է արքունիքին, եկեղեցական վարչատարածքային առումով ընդգրկվել տարբեր եպիսկոպոսությունների (Ամբերդ, Հովհաննավանք, Բջնի) կազմում, իսկ վերջին հարյուրամյակում` անմիջականորեն ենթարկվել է Ս. Էջմիածնի Մայր Աթոռին: Այդպես է եղել նաև վաղ միջնադարում, որի մասին հետաքրքիր վկայություն է պահպանվել Xդ. մատենագիր Ուխտանեսի Պատմության մեջ: Վերջինս պատմելով Վրաց Կյուրիոն կաթողիկոսի` Հայաստանում կրթվելու և պաշտոնավարելու մասին, նշում է, որ Մովսես Բ Եղիվարդեցի կաթողիկոսը (74-604) նրան տվել է կաթողիկոսանիստ Դվինի Կաթողիկե եկեղեցու վանահայրությունը և Այրարատյան գավառի եպիսկոպոսությունը: Արմավիրի թեմի տարածքում են գտնվում Էջմիածնի Ս. Հռիփսիմե, Ս.Գայանե (VIIդ.) և Շողակաթ (XVIIդ.) վանքերը (ենթարկվում են Մայր աթոռին), ինչպես նաև Այգեշատի Ս. Թարգմանչաց (VIIդ.) վանքը, Փարաքարի Ս.Մարիամ Աստվածածին, Ամբերդի Ս.Թովմաս առաքյալ (XII դ.), Սամաղարի Ս. Հարություն (XIII դ.), Ս.Պողոս-Պետրոս (XIIIդ.), Արագածի Ս.Ստեփանոս, Հովտամեջի Ս.Աստվածածին, Հայթաղի Ս.Աստվածածին (XIX դ.) և այլ եկեղեցիներ, Արշալույսի Ս.Կարապետ, Արմավիրի Ս.Դավիթ, Արևաշատի Թուխ Մանուկ, Բաղրամյանի Ս.Սարգիս մատուռները: Թեմի տարածքում գործում են մի քանի կիրակնօրյա դպրոցներ: Արմավիրի Թեմն իր մեջ ներառում է Արմավիրի մարզի ամբողջ տարածքը՝ 97 համայնքներով, որը ընդգրկում է Էջմիածին, Արմավիր, Մեծամոր, Բաղրամյան քաղաքները շրջակա գյուղերով: Մարզի բնակչությունը կազմում է ավելի քան 250 հազար մարդ: Արմավիրի մարզի տարածքը գտնվում է Արարատյան հարթավայրում: Մարզում հիմնականում զարգացած է գյուղատնտեսությունը: Մարզի տարածքում գործում են բազմաթիվ կրթա-դաստիարակչական հիմնարկներ, որոնց թվում կան նախադպրոցական, դպրոցական, բարձրագույն ուսումնական հաստատություններ, քոլեջներ, համակարգչային կենտրոններ, որոնք հնարավորություն են տալիս բարձր պահել մարզի կրթական մակարդակը: Թեմի առաքելության շրջանակներում է ուսումնական հաստատությունների հիմնումն ու զարգացումը: Արմավիրի թեմը իրականացնում է բազմաթիվ կրթական ծրագրեր, որոնց թվում են կիրակնօրյա դպրոցները, քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոնը, երիտասարդաց միությունը, համակարգչային, անգլերեն լեզվի ուսուցման և կրոնագիտության կենտրոնը: Կենտրոնների և դպրոցների հիմնական նպատակներն են քրիստոնեական հավատի և բարոյականության սկզբունքների սերմանումը: Թեմը իրականացնում է սոցիալ-տնտեսական ծրագրեր, ցուցաբերելով նյութական օգնություն սոցիալապես խիստ անապահով ընտանիքներին, կարիքավորներին: |