Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցի

Համայն հայության մայրաքաղաքից ու հոգևոր կենտրոնից` Երևանից ու Էջմիածնից հավասար հեռավորության վրա է գտնվում հնամենի մի գյուղ` Փարաքար անունով: Նրա ամեն մի փողոց, ամեն մի բակ ունի իր պատմությունն ու ավանդությունը:
Սբ. Հարություն եկեղեցին գտնվում է Երևան-Էջմիածին մայրուղու վրա: Ըստ մատենագրության այն հանդիսանում է 9-րդ դարի եկեղեցի և հիմադրվել է համայքի ժողովրդի միջոցներով: Եկեղեցին տարիներ առաջ փլուզվել է ավերիչ երկրաշարժիչ, իսկ 20-րդ դարի 50-ական թվականներին վերանորոգվել է հիվանդ երեխայի փրկության մասին երազ տեսած եզդու (Համո պապիկի) և համայնքի միջոցներով, իսկ Համո պապիկի սկսած գործը շարունակեց երևանաբնակ Հունան հայրիկը:  1984թ. կառուցվել է եկեղեցու զանգակատունը: 1992թ.Արարատյան թեմի առաջնորդ Գարեգին Ներսիսյանի օրհնությամբ վերաբացվեց եկեղեցին:

2004թ. ամերիկահայ բարերար Ջորջ Լեյլեկյանի միջոցներով, պատվիրակ Լևոն Ոսկեան-Ծնունդյանի վերահսկողությամբ, հոգևոր հովիվ Տեր Գեղամ ավագ քահանա Քեսաբլյանի նախաձեռնությամբ ու Աստծո կամոք եկեղեցին հիմնովին վերանորոգվեց: Վերանորոգվեց նաև  մատաղատունը, հովվատունը:

Սբ. Հարություն եկեղեցում ձևավորված գեղեցիկ ավանդույթներից է. Յուրաքանչյուր  կիրակի , թե  մեծերը և թե փոքրերը, երիտասարդներն ու պատանիները գալիս պատարագի ու մասնակցում եկեղեցուն կից մատաղատանը արդեն հինգ տարի անընդմեջ  տրվող անվճար Սիրո ճաշին: