Բաղրամյանի Սուրբ Վարդան եկեղեցի
Էջմիածին քաղաքի բնակիչ Վարդան Այվազյանը ապրում է Մեծ Բրիտանիայի Բեդֆորդ-Քեմփստոն քաղաքում: Նա մանուկ հասակում իր մոմավաճառ մոր հետ մշտապես հաճախել է եկեղեցի, որպես դպիր մասնակցել է ծիսական արարողությունների, մշտապես Աստծո հետ է եղել և լցված մեծ հավատով:
Նա շարունակ երազներ է տեսել, որ Տիրոջ ձեռքը բռնած մի գյուղացի կնոջ հետ բարձրանում է փշոտ, քարքարոտ վայր ուր տեսիլքի նման նրան հայտնվել է գմբեթավոր եկեղեցի և Սուրբ Վարդան Զորավարի պատկերը: Նա իր համար ուխտ է արել և մշտապես աղոթել առ Աստված, որ իրեն ի վերջո ցույց տա այն լուսավոր տեղը որտեղ կկառուցի Սուրբ Վարդան եկեղեցին` այնպիսին ինչպիսին, որ հայտնվել է իր երազներում: Վարդանն ամեն անգամ Հայստան այցելելիս փնտրել է այդ երազների վայրը և շատ երկար ժամանակ: Իսկ այդ լուսավոր վայրը նա վերջապես գտել է Արմավիրի թեմի Էջմիածնի տարածաշրջանի Բաղրամյան համայնքում:
2006թ-ից սկսվել է Վարդան և Նաիրա Այվազյանների բարերարությամբ Սուրբ Վարդան եկեղեցու կառուցման աշխատանքները, որն իր ավարտուն վիճակին նման էր նույն այն գմբեթավոր եկեղեցուն, որը միշտ տեսել է Վարդանն իր երազներում:
2009թ-ի օգոստոսի 9-ին Արմավիրի թեմի առաջնորդ Տ. Սիոն եպս. Ադամյանի նախագահությամբ, մասնակցությամբ թեմի հոգևորականների և հավատացյալ ժողովրդի օծվել է եկեղեցին: