Շահումյանի Սուրբ Աստվածածին եկեղեցի

1800-ական թվականների վերջին կառուցված Էջմիածնի տարածաշրջանի Շահումյան համայնքի  Սուրբ Աստվածածին համայնքի բազիլիկ եկեղեցին 1930-ականներին վերածվել էր ավերակների, սակայն Աստծո օգնականությամբ  խոնարհված Սուրբ Աստվածածին եկեղեցու հարևանությամբ կառուցվեց նոր հոյակերտ եկեղեցի, որն էլ  թեմի առաջնորդ Տ. Սիոն եպս Ադամյանի ձեռամբ օծվեց 2010թ.
Եկեղեցու տարածքն ամբողջովին կառուցապատվել և պարսպապատվել է, տեղադրվել են խաչքարեր, կառուցվել է հովվատուն և այս ամենն իրականացվել է նախկին Շահումյան համայնքի բնակիչ, մոսկվաբնակ Կարեն Հովհաննիսյանի բարոյական և նյութական աջակցությամբ: Նա դեռ պատանի հասակից ուխտ էր արել, որ երբևէ կարողության դեպքում հարազատ գյուղում կկառուցի Աստծո տուն:  Կարենի երջանկությունը լիարժեք դարձավ, քանի որ կամքով Աստծո ու զորությամբ նա ի կատար ածեց իր երազանքը:
Հոգևոր կյանքի վերազարթոնքի և ի նպաստ եկեղեցաշինության Ն.Ս.Օ.Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի կոնդակով տեր և տիկին Հովհաննիսյաններին շնորհվել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բարձրագույն շքանշանով: Եկեղեցու բացման օրվանից մինչև 2012թ.-ը  եկեղցու հոգևոր հովիվն է եղել  Տ. Ներսես քահանա Ռուշանյանը: 2015թ-ից եկեղեցու հոգևոր հովիվն է Տ. Գեղարդ քահանա Ղաբաղյանը: