cost advair diskus 250 50 cost of propecia in nz buy viagra in brisbane australia how much does cialis cost on the street xenical 120 mg price in india

Էջմիածնի Սուրբ Աստվածածին եկեղեցի

Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցին գտնվում է Էջմիածին քաղաքի կենտրոնական մասում: Այն կառուցվել է 1767 թվականին երջանկահիշատակ Տ.Տ. Սիմեոն Երևանցի Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրոք: Եկեղեցին սկզբնապես եղել է փայտաշեն: Սիմեոն Կաթողիկոս Երևանցին ժամանակի հավատացյալների ամենօրյա հոգևոր պահանջները բավարարելու համար Մայր Աթոռի շրջապատը որոշելուց առաջ վանքից որոշ հողային տարածություն անջատելով՝ գյուղի հյուսիսային կողմում կառուցում է մի եկեղեցի` Ս.Աստվածածին անունով և պարսպապատում այն:
Եկեղեցու կառուցման ճշգրիտ թվականի մասին կա մի քարե արձանագրություն, որը, ըստ վկայության, Սիմեոն Կաթողիկոսն գրել է տվել Ավագ Սեղանի նորոգության ժամանակ և զետեղել է եկեղեցու ներսի պատերից մեկում: Եկեղեցին նախապես կառուցվել է փայտակերտ, որն անշուշտ չէր կարող երկար դիմանալ ժամանակի քայքայիչ ազդեցություններին: Ուստի, ըստ ներքոհիշյալ վկայության, եկեղեցու փայտակերտ կառուցումից մեկ դար հետո ոմանց կողմից այն փոխարինվել է քարակերտ կառույցի:
Եկեղեցու շրջապատում եղել է մի վարժարան:
Եկեղեցին ունի բազիլիկ ձև, երկարավուն տանիքով, որն ընդունված է հայկական ճարտարապետության մեջ: Զանգակատուն չի ունեցել: Զանգերը ժամերգությունների և Սուրբ Պատարագի ժամանակ ղողանջել են հատուկ պատրաստված գմբեթաձև մի երկաթյա սարքից, որից կախված են եղել երկու զանգեր: Այն տեղադրված է եղել տանիքի վրա և եկեղեցու վերանորոգության ժամանակ հանվել:
Եկեղեցու արտաքին մասում, պատերի մեջ, տեղադրվել են մի քանի հայկական խաչքարեր` քանդակված նույն ժամանակաշրջանում:
Ս.Աստվածածին եկեղեցին ունեցել է շատ հովիվներ, որոնք իրենց հոգևոր ծառայությունն են բերել հավատացյալ ժողովրդին: Դրանցից առավել հիշատակելի է 1947-ին Պարսկաստանից մայր հայրենիք ներգաղթած Տ. Քերովբե Ավագ Քահանա Շահբազյանը, որն իր ժամանակին մեծամեծ դժվարություններ հաղթահարելով, նույնիսկ անձնական զրկանքներ կրելով, կարողացել է հասցնել մի արժանի հոգևոր սերունդ. այդ պատանիներից շատերը հետագայում դարձան ազնիվ և նվիրված հոգևոր սպասավորներ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու (1 եպիսկոպոս և 5 քահանա):
Ս.Աստվածածին եկեղեցին իր ծաղկուն շրջանն ապրեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Տ.Տ. Վազգեն Ա շնորհազարդ Հայրապետի գահակալության շրջանում: Հայոց Հայրապետը, որ մեծ ուշադրություն էր դարձնում Հայաստանի պատմական վանքերի և եկեղեցիների վերանորոգությանը, իր հայացքը սևեռեց նաև Էջմիածին քաղաքում գտնվող Ս.Աստվածածին եկեղեցու վրա: Եկեղեցում հիմնական վերանորոգությունը սկսվեց 1986 թվականին, երբ Հայոց Հայրապետի կարգադրությամբ եկեղեցու պատասխանատու և ապա` վանահայր նշանակվեց Տ.Հովսեփ Ավագ Քահանա Հակոբյանը, որն երջանկահիշատակ Տ.Քերովբե Ավագ Քահանայի սաներից էր:
Անցան տարիներ և եկեղեցին նորոգվեց թե դրսից և թե ներսից: Կառուցվեց մի նոր Ավագ Սեղան ֆելզիտ քարից` նախկին աղյուսե սեղանի փոխարեն: Մաքրվեցին ներսի պատերի բոլոր ծեփերը, և երևաց գեղեցիկ շարված քարը: Երեսպատվեցին 12 թաղերը, որոնք այնքան էլ լավ վիճակ չունեին: Փոխվեց սալահատակը, զետեղվեցին գեղեցիկ բյուրեղապակյա երեք ջահեր և նոր սրբապատկերներ: Նորոգվեց մկրտության ավազանը, որի կենտրոնում զետեղվեց մի մարմարյա քանդակազարդ խաչ: Տուֆ քարով երեսպատվեցին երկու խորանները: Փոխվեցին եկեղեցու փայտյա երեք դռները և քանդակներով զարդարվեցին: Պատրաստվեցին նոր գեղեցիկ քանդակազարդ մոմակալներ և այլն:
Այսօր եկեղեցում ծառայում են 4 քահանաներ` Տ. Եղիշե ավագ քահանա Բաղրամյան, Տ. Արտակ ավագ քահանա Սիմոնյան, Տ. Եղիշե քահանա Կարսյան, Տ. Մկրտիչ քահանա Մուշադյան: